Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հեռուստաքիլերի պորտապարը

Հեռուստաքիլերի պորտապարը
20.07.2012 | 20:56

Հիշո՞ւմ եք` ինչ ասաց Օստապ Բենդերը Կիսա Վորոբյանինովին. «Ավելի շատ ցինիզմ, պարագլուխ, մարդկանց դա դուր է գալիս»: Ցինիզմը «ՈՒրվագիծ» հաղորդաշարում պահեստային ական է, որը թևատակին զրույցի է նստում ոչ անհայտ Ղազարյան Պետրոսը, «ՈՒրվագծի» բավականին ինքնաբավ մեկնաբանը: Այ, հենց էստեղ է ուրվագծվում նախագծի քաղաքական ենթատեքստը: Այն է` արատավորել յուրաքանչյուր միտք, գաղափար, նախաձեռնություն, գործընթաց և այլն, որոնք Պ. Ղ.-ի քիմքին հարիր չեն: Ի՞նչ կարող ես անել, բարքերի և կրքերի սահմանազուրկ տիրույթներում ուրվագծելի են հնարավորն ու անհնարինը: Եվ, ահավասիկ, միանգամայն հնարավոր է հաղորդումը գործարկել որպես հրաձգարան, հրաձգարանում էլ անզուսպ հրճվանքով կրակել օրնիբուն: Երբեմն էլ անցնել գնդակոծության:
Ընդ որում, դարձյալ «մարտեր առանց կանոնների» վարժանքների լայնք-երկայնքով: Եվ Պ. Ղ.-ն առաջին իսկ հարցախեղդումից ծանուցում է հեռուստադիտող հանրությանը. «ՈՒշադիր եղեք, սիրելիներս, այսօրվա մեր հյուրը իմ ու ձեր զոհն է, և նրան ահա տապակելու ենք անյուղ թավայում»: Հասկանալի է, «զոհի» կարգավիճակում հիմնականում հայտնվում են ազգային-ավանդական արժեհամակարգի կրողները: Վերջիններիս փորձելով հարցախեղդել, Պ. Ղ.-ն անթաքույց հրճվանքով որակումներ է ցփնում, այլասերում հանրահայտ գաղափարներն ու արժեքները: Իսկ ինչու չէ, չէ՞ որ հենց ինքն է նվագախմբի դիրիժորն ու այս խառնափնթոր «վետերոկի» վարիչը: Մի խոսքով, վերջերս «ՈՒրվագծի» հյուրն էր նկարիչ և բանաստեղծ Արևշատ Ավագյանը, ով դեռ քսան տարի առաջ էր ահազանգում այն վտանգները, որ կախվել են 3-րդ հանրապետության գլխին դամոկլյան սրի նման և բառացիորեն խեղանդամում են իրական պետականության կայացմանը միտված յուրաքանչյուր քայլ: Մասնավորապես, արգո Արևշատը նշում է երկրի մշակութային ողնուղեղը կազմող ստեղծագործական միությունների հանդեպ դրսևորվող պետական դավադիր անհոգությունը։ Պետրոսը ծամածռում է դեմքը և դուրս տալիս. «Ի՞նչ ստեղծագործական միություն, ախր ո՞վ ա դրանց բանի տեղ դնում»: «Դրանց», այսինքն` երկրի ստեղծագործ մտավորականությանը: Սա Պ. Ղ.-ի հավատո հանգանակն է` մրոտել, ցեխակոլոլ անել ամենայն բանականն ու բարոյականը: Հատկապես այս խառնակ սուբյեկտը զվարճանքի կիզակետում է հայտնվում շփոթության մատնելով (սա` ըստ իր մտասևեռման), երբ զրուցակիցը բարեկրթության սահմաններում, այնուամենայնիվ, փորձում է պահպանել ձևաչափը: Վերոնշյալ հանդիպման ժամանակ Պ. Ղ.-ն մերթ բաղաձայն շեփորում էր, թե ինքն աթեիստ է, մերթ (ու սա հերթական անգամ) անզուսպ հրճվանքով «հաստատում», թե Հայաստանում գիրք չեն կարդում, չկա գրականություն և այլն: Գուցե Պ. Ղ.-ի հանձնառու հավատարմությունը ապազգայնությանն ու ապաբարոյականությանը պատճառ հանդիսացավ, որ նա հաստատվի «Կենտրոն» հեռուստաընկերության կենտրոնական հեռուստաքիլերի դերում: Ահա ուրբաթօրյա, համեմատաբար նոր հեռուստանախագիծը: «Բարիկադների» երկու կողմերում բանավիճող կողմերն են, «զոհասեղան» բարձրացվող խնդիրները` բավականին օրախնդիր: Եվ ահա, երբ կողմերը բանավեճային տարերքի մեջ ինչ-որ առումով կորցնում են ինքնատիրապետումը, Պ. Ղ-ի դիմախաղն անթաքույց մատնում է նրա գերնպատակը` հանրության աչքի առջև վարկաբեկել խնդիրն ու խնդրի շուրջ տարաձայնություններ ունեցողներին:

Այստեղ մի փոքր դադար տամ և հիշեցնեմ. 2005-ին, երբ Պ. Ղ.-ն իր համար էլ խիստ անսպասելի գրավեց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը, շաբաթներ անց հանրապետական մամուլում ի հայտ եկան հաղորդումներ, ըստ որոնց` հեռուստաընկերության աշխատակիցներից մի քանիսը պատրաստվում էին դիմելու դատախազական մարմիններին` նորաթուխ տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկելու հայցով. նա հասցրել էր ինչ-ինչ ֆինանսական ջրեր պղտորել: Ինչևէ, Պ. Ղ.-ն կարճ ժամանակ անց լքեց տնօրենի առանձնասենյակը և ինչ-ինչ «քյալլագյոզություններով» ինքնադրսևորվեց «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի խմբագրի պաշտոնում: Եվ ամսագիրը լուծարվեց: Սա` ի միջի այլոց։
Բայց ահա թե ինչն է զարմանալի. ԲՀԿ «պատվո պահակախումբը», ԱԺ հարգարժան պատգամավորներն այս ամենին իրո՞ք անտեղյակ են, թե՞ սա ծրագրված քաղաքական գործընթաց է: Սա թողնելով նրանց լուծմանը, հավելենք, որ առնվազն տարօրինակ է այն գործիչների վարքը, ովքեր հյուրընկալվում են «Կենտրոն» հեռուստաընկերության այս տմարդի խոյահարիչին, կանխավ գիտենալով, որ անվերապահորեն առկա է հեռուստաքիլերի դարանում ի հայտ գալու ցավոտ հեռանկարը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ